Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հոգևոր և պատմական Խորանաշատը

Հոգևոր և պատմական Խորանաշատը
13.05.2022 | 07:34

Ադրբեջանի հետ սահմանապահ Տավուշի մարզի Չինարի գյուղը յուրօրինակ է իր ոգեղենությամբ: Թշնամու հետ սահմանագծին ամուր կանգնած հայորդիներին ուժ է տալիս տեղի, ինչպես ընդունված է ասել՝ «Ոգեղեն սահմանապահը»՝ Խորանաշատը:
Նշենք, որ 1222-ին է ավարտվել Խորանաշատ վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունը: Եվ արդեն 800 տարի է, ինչ Խորանաշատն աներեր կանգնած է հայոց սահմանին:
Այսօր էլ անդադար գնդակոծությունների ուղեկցությամբ շարունակում է կանգուն մնալ՝ ավետելով աշխարհին հայի լինելության, նրա արարիչ ոգու, նրա ինքնատիպ մշակույթի ու գիտության մասին:


Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի թանգարանային մասնաշենքում բացված՝ «Խորանաշատի ձեռագրական գանձերը» վերտառությունը կրող ցուցահանդեսն ավետեց Խորանաշատի 800-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:
Ծրագրի սկիզբն ազդարարող ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ իր խոսքը սկսեց Կիրակոս Գանձակեցու՝ վանական համալիրի Վարդապետին ուղղած այն մտքով, որ Խորանաշատը եղել է մի հոգևոր միջավայր, որտեղ եկել են մարդիկ կրթելու ոչ միայն իրենց միտքը, ձևավորելու և հղկելու հոգևոր նկարագիրը, այլև արդեն իսկ Վարդապետի շարժուձևը, ֆիզիկական ներկայությունը եղել է անգիր օրենք այնտեղ սովորող աշակերտների համար:


Ըստ փոխնախարարի, Խորանաշատ վարդապետարանի, վանական համալիրի 800-ամյակին նվիրված միջոցառումները ոչ միայն մեր խոնարհումն են կարևորագույն հոգևոր գրչության, կրթական, մշակութային նշանակության այս կենտրոնին, այլև այս ամենի մասին հիշեցնելու՝ հանրությանը լայնորեն ընդգրկելով և ներգրավելով բարձր մակարդակով կազմակերպվելիք միջոցառումներին:


Արա Խզմալյանը մանրամասնեց. «Միջոցառումների մեկնարկը կտրվի մայիսի 28-ին, կշարունակվի 29-ին, տեղի կունենան եկեղեցական արարողություններ, մշակութային իրադարձություններ՝ ցուցադրություն, գրքի շնորհանդես, գիտաժողով: Այս միջոցառումներն ամբողջ տարվա ընթացքում կլինեն շարունակական, և սա միանգամայն տեղավորվում է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. Տավուշն այդ առումով միշտ եղել է մեր ուշադրության կենտրոնում, որտեղ այցելել և ելույթ են ունեցել մայրաքաղաքի լավագույն ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները»:
Հավելենք, մայիսի 28-ին, Խորանաշատում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո համայնքապետարանին հարող տարածքում Սբ. Խաչով և 8 դար առաջ՝ 1224-ին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն:
Իսկ երեկոյան միջոցառման մասնակիցները Չինարիի մշակույթի տանը կունկնդրեն Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը:


Մայիսի 29-ին տեղի կունենա «Խորանաշատ 800-ամյակ» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին:
«Շուրջ 5 տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ, հարյուրամյակների ընդհատումից հետո, Եպիսկոպոսական Սուրբ պատարագ մատուցվեց, և դա մեզ համար նոր լիցք էր, նոր հրավեր էր, որպեսզի մենք կարողանանք Խորանաշատի դերը, նշանակությունը և կարևորությունը փոխանցել մեր ժողովրդին: Խորանաշատը սահմանապահ վանք է, ժամանակին այն գտնվում էր Հայաստանի սրտում, բայց պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք՝ գտնվելով թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա: Մեզ համար կարևոր է նաև հենց մայիսի 28-ը, որովհետև այդ օրը այլ տեղ մենք մեզ չէինք պատկերացնում, քան մեր պետության սահմանագլխին»,-ասուլիսի ընթացքում ասաց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ:


Մատենադարանի տնօրեն ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆՆ իր խոսքում անդրադարձավ այն կարևոր փաստին, որ դեռևս անցյալ դարի 60-ական թվականերին, երբ վերարժևորվում էին հայ մշակույթի ապրած տարբեր փուլերը, որոշ մշակութաբաններ 10-13-րդ դարերի հայ մշակույթն անվանեցին «Հայկական վերածնունդ»:


Տեր-Ղևոնդյանը նաև նշեց, որ Մատենադարանում պահվող որոշ ձեռագրեր տարին մեկ անգամ շատ բացառիկ առիթով դուրս են բերվում և տարվում են այս կամ այն եկեղեցի, որն ինչ-որ կերպ առնչվում է տվյալ ձեռագրին:
«Մենք այս հարցում մի փոքր պահպանողական ենք,- փաստեց Տեր-Ղևոնդյանը.-ձեռագիրը, ինչպես իր ծնողներին լսող երեխան, անպայման գիշերը գալիս է տուն: Բայց Խորանաշատի 800-ամյակի առթիվ մեր ոգևորությունն այնքան մեծ է, որ Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ բացառություն ենք անելու և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ը մեկ օր «գիշերելու» է վանքում»:


«Խորանաշատ 800-ամյակ»-ի նախաձեռնող խմբի համակարգող ԳԵՎՈՐԳ ՍԱՂՈՅԱՆԸ նշեց, որ ծրագրի նպատակը Խորանաշատի պատմության մեջ նոր էջ գրելն է, հանրահռչակելն ու այն նորովի արժևորելը:
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական քարտուղար ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԻ տեղեկացմամբ՝ հրատարակվել է «Խորանաշատ-800» գիրք-ալբոմը, որի շնորհանդեսը, ինչպես արդեն նշեցինք, տեղի կունենա Չինարի գյուղի մշակույթի տանը:


Մամուլի ասուլիսին հաջորդած «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին Խորանաշատի վանքում ստեղծված և այնտեղ պահպանված ձեռագրերի մի քանի նմուշներ:


Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 31456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ